Եղբոր իրական նվերը Ձերն է. Մեծ պահքի 16-րդ օր
Պահքի բաղադրատոմս
Բաղադրատոմս 16՝ Բալով և ընկույզով քաղցրավենիք
Մեծ պահքի ուղին՝ օր 16. Ավագ եղբայրը
Վերջին երկու օրվա ընթացքում մենք դիտարկեցինք Անառակ որդու առակի (Ղուկաս 15) երկու տարբեր կերպարներին։ Այսօր մենք կշարունակենք դիտարկել առակը և այս անգամ կկենտրոնանանք ավագ եղբոր գործողությունների վրա։
Անառակ որդու մասին պատմության երեք կերպարներից թերևս ավագ եղբայրն է այն մարդը, ում հետ մենք կարող ենք առավել նույնանալ։ Հավանաբար պատճառն այն է, որ նա, ըստ էության, լավ մարդ է։ Նա բարեհամբույր է։ Նա այն մարդն է, ով ճիշտ է վարվել և մնացել է հավատարիմ։ Նա տանը մնաց և չվատնեց այն գումարը, որ հայրն իրեն էր տվել։ Նա հավատարիմ էր։ Նա հնազանդ էր։ Սակայն նրա մեջ մենք հիմնականում տեսնում ենք այն մարդուն, ով, ինչպես և բոլորս, գիտակցում է կյանքի անարդարությունը։ Անարդարություն էր տեղի ունենում, քանի որ երբ կրտսեր եղբայրը տուն վերադարձավ, տոնախմբություն կազմակերպվեց։ Կարծես թե նրան պարգևատրում էին կարգապահության խախտման համար։
Ավագ եղբայրը նույնպես հարցեր էր տալիս, որոնք կարող էին առաջանալ պարզ նախանձից։ Ինչո՞ւ ոչ ես։ Ինչո՞ւ է պատահում, որ լավ բաներ են լինում վատ մարդկանց հետ։ Ինչո՞ւ են վատ մարդու արարքները պարգևատրվում, մինչդեռ իմ բարությունը մնում է աննկատ։ Ես հավատարիմ եմ եղել։ Ես եղել եմ այն օրինակելի որդին, որով յուրաքանչյուր հայր կհպարտանար։ Իսկ հիմա, այս որդիդ տուն է վերադառնում այն բանից հետո, երբ վատնել և չարաշահել է այն ամենը, ինչ Դուք նրան տվել էիք։ Ինչպե՞ս կարող է նա արժանի լինել պարարտ հորթին։ Տոնախմբությանը։ Իշխանության մատանուն նրա ձեռքին։ Պարզապես՝ ինչո՞ւ ոչ ես։ Հավանաբար հենց այս արտահայտությունն է, որ ծանոթ է հնչում մեզանից յուրաքանչյուրի համար։
Պատմության մեջ հայրը շատ պարզ պատասխան է տալիս։ Նրա պատասխանը բխում է ծնողական տեսանկյունից։ «Որդյա՛կ»,— ասում է հայրը իր ավագ որդուն,— «դու միշտ ինձ հետ ես, և իմ ունեցած ամեն ինչ քոնն է։ Բայց այս քո եղբայրը կորած էր և գտնվեց, մեռած էր և կենդանացավ»։ Այս խոսքերով հայրը հորդորում է որդուն տեսնել ավելի մեծ պատկերը։ Խոսքը միայն այս պահի մասին չէ, այլ ավելի մեծ «ծրագրի»։ Ի վերջո, Աստծո նպատակն է, որ Իր բոլոր զավակները հաշտվեն Իր ամբողջ արարչագործության հետ։ Խոսքը սիրո և ներդաշնակության վիճակի մասին է, որպեսզի յուրաքանչյուրը կարողանա մասնակից լինել այդ Արքայությանը։
Այժմ եկեք մի փոքր ավելի խորանանք և մարտահրավեր նետենք ինքներս մեզ, քանի որ, ի վերջո, աշխարհում կա իրական անարդարություն։ Սակայն Մեծ պահքի այս ճանապարհին մենք հասկանում ենք, որ իրական խնդիրը նպատակի՝ պարգևի մեր ընկալման մեջ է։ Մենք այդ ավելորդություններն ու նյութական բարիքները դիտում ենք որպես պարգև և կորցնում ենք տեսադաշտից այն իրական գանձը, որն արդեն մեր կյանքի մի մասն է։ Ապացո՞ւյց։ Խորը շունչ քաշեք։ Զգո՞ւմ եք, թե ինչպես է այն մտնում ձեր թոքերը։ Դա Աստծուց տրված մի պարգև է, որի վրա հնարավոր չէ գնապիտակ դնել։ Դուք սիրո՞ւմ եք որևէ մեկին։ Մեկին, ում կարող եք նայել՝ զավակ, ծնող, ամուսին, կին, սիրեցյալ։ Դա պարգև է։ Դուք ունե՞ք ժպտալու կարողություն։ Ունե՞ք կարողություն նայելու ծաղիկներին, ծառերին, լեռներին, ծովին և մի պահ հիանալու՝ գիտակցելով, որ կա մի բան, որը շատ ավելի մեծ է, քան այն նյութական բարիքները, որոնցով մենք տարվում ենք։ Դա պարգև է։ Եվ դա այն պարգևն է, որը տրվել է ձեզ Աստծո կողմից։ Նա ասում է՝ մի՛ չարաշահեք այն։ Մի՛ եղեք անառակ որդու պես։ Մի՛ վատնեք այն, ինչ Ես տվել եմ ձեզ։ Եվ այժմ, ավելին մի՛ փնտրեք։ Որովհետև ցանկացած ավելորդ բան այն ավելցուկներն են, որոնց դեմ դուք միևնույն է պետք է պայքարեք։ Մի՛ փնտրեք այդ հավելյալ բաները, քանի որ ձեզ արդեն տրվել է կյանքի պարգևը։ Ի՞նչ ավելի մեծ պարգև կարող է լինել։ Դուք ձեր սրտում ունեք սիրո պարգևը՝ այդ սերը վերցնելու և ուրիշների հետ կիսելու կարողության հետ միասին։
Մեծ պահքի ճանապարհին այսօրվա մարտահրավերը ցանկացած նախանձից ձերբազատվելն է, որը կարող է սպառել մեզ և խանգարել հաջորդ քայլն առաջ կատարելուն։ Ինչպես առակի հայրը մարտահրավեր նետեց ավագ որդուն, այնպես էլ մենք մարտահրավեր ենք ստանում հենց Ինքնին Առակից՝ քայլելու հոր կոշիկներով։ Մենք կնկատենք, որ նրա երկու որդիների հանդեպ ունեցած անվերապահ սիրո մեջ նախանձի համար տեղ չկա։ Աստծո Սերը գերազանցում է ամեն ինչին, անկախ նրանից, թե որքան ուժեղ կարող են լինել նախանձի կամ խանդի այդ զգացմունքները։
Հիշե՛ք, Աստված սեր է դրել մեր սրտերում։ Մեզանից է կախված այն օգտագործելը, ոչ թե չարաշահելը։ Մեզանից է կախված այն կիսելը նրանց հետ, ում սիրում ենք, մեր ընտանիքի, մեր համայնքի և այս աշխարհի հետ։
Մենք եզրափակում ենք Սուրբ Ներսես Շնորհալու աղոթքով,
Ողորմած Տե՛ր, ողորմի՛ր Քո բոլոր հավատացյալներին։ Նրանց, ովքեր իմն են, և նրանց, ովքեր օտար են։ Նրանց, ում ճանաչում եմ, և նրանց, ում չեմ ճանաչում, կենդանիներին և մեռյալներին։ Ներիր իմ բոլոր թշնամիներին և ինձ ատողներին այն մեղքերը, որ գործել են իմ դեմ։ Դարձրո՛ւ նրանց իմ հանդեպ ունեցած չարությունից, որպեսզի նրանք արժանի լինեն Քո ողորմությանը։ Ողորմի՛ր Քո բոլոր արարածներին և ինձ՝ մեծ մեղավորիս։ (Հավատով խոստովանիմ, 23/24)

NetZero



2025 Հայր Վազգեն



netzero
Թողնել պատասխան
Ցանկանո՞ւմ եք միանալ քննարկմանը։Ազատորեն կիսվեք Ձեր մտքերով։